Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության սրահներում դառնում է խիստ պահանջված:

Ժամանակակից պեդիկյուրն իր մեջ ներառում է ո՛չ միայն պիլինգ (մաշկի մեռած բջիջների հեռացում, հարթեցում), այլև ռեֆլեքսոթերապիա (հատուկ մերսում, որը խթանում է տարբեր օրգանների, նյարդերի և գեղձերի աշխատանքը), անտիսեպտիկա (հականեխիչ միջոցներ) և, ի վերջո, նեյլ-արտ` եղունգների դիզայն: Ուստի, պեդիկյուրի մասնագետը պետք է լինի ո՛չ միայն լավ ոտնահարդար, այլև գիտակ կոսմետոլոգ, որպեսզի հասկանա ոտքի, հատկապես ոտնաթաթի մաշկի առանձնահատկությունները և հաճախորդին օգնելու փոխարեն խնդիրներ չստեղծի:

Պեդիկյուրի դասական գործընթացը տևում է մեկ-մեկուկես ժամ` ներառելով ոտքերի լոգանքը, կոշտուկների և ավելորդ մսերի հեռացումը, եղունգների հարդարումը, ոտքերի վերջնական մաքրումը սկրաբով, լվացումը, սնուցող քսուկներով մերսումը և վերջում` եղունգների ներկումը:

Սեզոնին գոնե ամիսը մեկ խորհուրդ է տրվում պեդիկյուր անել: Իսկ եթե հնարավորություն կամ ժամանակ չունեք, ապա առաջարկում ենք ոտքերն ինքնուրույն` տնային պայմաններում խնամելու ամենահին, պարզ ու էժան տարբերակներից մեկը, որը խորհուրդ է տալիս ոտնահարդար Արաքսյա Պետրոսյանը.«Ոտքերի կոշտուկները փափկեցնելու և հոգնածությունը վերացնելու համար պետք է ոտքերը դնել տաք ջրի մեջ` նախապես ջրի մեջ լցնելով մեկ ճաշի գդալ հեղուկ օճառ, մեկ ճաշի գդալ անուշադրի սպիրտ (1 ճաշի գդալը` երկու լիտր ջրին), 15-20 րոպեից հանել և հինգ րոպե դնել սովորական տաք ջրի մեջ, ոտքերը հերթով հանել, թեթևակի չորացնել, քերիչով հեռացնել մեռած բջիջներն ու մաքրել սկրաբով, հետո նորից լվանալ, չորացնել, վերջում փափկեցնող կամ սնուցող քսուկով մերսել»:

Ըստ ոտնահարդարների` ձեռքի, մարմնի կամ դեմքի համար նախատեսված քսուկները ոտքերի համար կիրառելը ճիշտ չէ և օգուտ չի տալիս ոտքերին (կանանց շրջանում դա շատ տարածված է), ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ոտքի համար նախատեսված քսուկներ:

 

ՍՊԱ-պեդիկյուր

Այս ծառայությունն այժմ առաջարկում են շատ գեղեցկության սրահներ: ՍՊԱ-պեդիկյուրն, ըստ մասնագետների, շատ չի տարբերվում դասականից: Այս պրոցեդուրայի ընթացքում հաճախորդը վայելում է լիակատար հանգիստ: Օգտագործվում են փափկեցնող ու սնուցող բարձրորակ միջոցներ, լոգանքի կամ մերսման համար` ծովային բաղադրամասեր և այլն:


Պեդիկյուր սարքի միջոցով

Սա ևս համարվում է նորարարություն: Այն ունի մի քանի առանձնահատկություններ: Ջրի փոխարեն կիրառվում է հատուկ փափկեցնող միջոց, որը հիանալիորեն առանձնացնում է կենդանի ու մեռած բջիջները: Եթե դասական պեդիկյուրի դեպքում երբեմն վնասվում են նաև կենդանի բջիջները, ապա այս դեպքում դա բացառվում է: Սակայն, ոտնահարդարներից ոմանք թերահավատորեն են վերաբերում այս մեթոդի արդյունավետությանը` կարծելով, որ այն լիարժեք չի կատարում գործողությունը:

 

Ձկնային պեդիկյուր

Սա պեդիկյուրի ոլորտի ամենավերջին նորույթն է և մեծ մասսայականություն է վայելում հատկապես ասիական երկրներում: Garra rufa կոչվող փոքրիկ ձկները, որոնք հայտնի են որպես «բժիշկ-ձկներ», սիրում են ուտել մեռած մաշկ: Պրոցեդուրայի ընթացքում կանայք իրենց ոտքերը դնում են ձկներով լի ջրի մեջ, և 30 րոպեի ընթացքում ձկները «խժռում են» ոտքերի մեռած բջիջներն ու կոշտուկները: Ասում են` պրոցեդուրայից հետո ոտքերը նորածնի մաշկի պես նուրբ ու հարթ են դառնում:

Այն Ասիայից մուտք է գործել նաև Եվրոպա ու Ամերիկա: Սակայն, ըստ «Wall Street Journal»-ի տվյալների, 14 ամերիկյան նահանգներ արգելել են այդ կոսմետիկ գործընթացի կիրառումը: Խնդիրն այն է, որ հիգիենան հսկելը դժվար է, և որոշ մասնագետներ կարծում են, որ ձկները կարող են վարակի աղբյուր դառնալ: Իսկ շատերի կարծիքով հատուկ լողավազաններում աճեցնելու դեպքում այդ ձկները կարող են ավելի մաքուր լինել, քան պեդիկյուրի գործիքները: Հայաստանում այս նորույթը դեռևս չի կիրառվում:

Պեդիկյուրի սրահների հիգիենան լուրջ խնդիր է: Ըստ մաշկաբանների` կանայք պետք է սալոնային այս ծառայությունն ընդունելիս հաշվի առնեն` նախ ոտնահարդարի որակավորումը, առաջարկվող կոսմետիկ միջոցների բուժական նշանակությունը, ապա հետևեն սրահի, սարքավորումների, գործիքների մաքրությանը:

Կան մի շարք չափանիշներ, առանց որոնց չի կարելի այս ծառայությունն իրականացնել, օրինակ, սրահը պետք է առանձնացված լինի գեղեցկության սրահի մյուս բաժիններից, այնտեղ պետք է լինեն ձեռքերի և ոտքերի համար նախատեսված առանձին լվացարանակոնքեր` տաք և սառը ջրով, սարքերի ստերելիզատոր, առաջին օգնության դեղատուփ` հատկապես արնահոսությունը կանխող միջոցներով, իսկ ոտնահարդարը պրոցեդուրայից առաջ պետք է հագնի բաց գույնի ստերիլ հագուստ` ամբողջությամբ ծածկելով անձնական հագուստը, լվանա և սպիրտով մաքրի ձեռքերը, ունենա կարճ կտրած եղունգներ և այլն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ